Հայաստանում քաղաքական բանավեճ գոյություն չունի: Փոխադարձ վիրավորանքներ են` կեղծիքի ու զոռբայության մթնոլորտում: Լավագույն դեպքում կենտրոնանում են ասողի վրա` մոռանալով ասելիքի բովանդակությունը:
Ղարաբաղի խնդրով Լևոն Տեր-Պետրոսյանը կոնկրետ բան է ասել: Նրա ընդդիմախոսները «ցրում» են ասվածի բովանդակությունը` պնդելով, թե առաջին նախագահը նույն բանն է ասում 1997-ից` իմիտացնելով, թե իբր այն օրերին պատասխանել են Տեր-Պետրոսյանին: Սա կեղծիք է. առաջին նախագահին կոնցեպտուալ պատասխան չի եղել, իսկ գործողությամբ պատասխանողը դարձյալ բանակցել է «տարածքներ` կարգավիճակի դիմաց» բանաձևի շրջանակներում կամ էլ քննարկել է «Մեղրիի տարբերակը»: Քոչարյանը նման տարբերակ քննարկել է, եթե նույնիսկ նրա գրասենյակը ոչ թե մեկ, այլ հարյուր հերքում տարածի: Քի Ուեսթի բանակցային գործընթացը հենց այդ տարբերակի շուրջ է եղել, ու նաև կան գործիչներ, ովքեր պատմում են, թե ինչպես է երկրորդ նախագահն իրենց ներկայացրել Ղարաբաղի ու Մեղրիի «չենջի» պլյուսները:
Կամ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը ժանանակին գովերգում էր մադրիդյան սկզբունքները` դա ներկայացնելով իր դիվանագիտության ձեռքբերում, այսօր, Տեր-Պետրոսյանի բացահայտումներից հետո, ասում է, թե տեր է այդ փաստաթղթի մեկ պարբերությանը:
Կուսակցություններից մեկն էլ ֆիդայական երգերն է դարձրել հայրենասիրության նշաձող ու դրանց տեքստերից շեղվող ամեն բան համարում է Բաքվի «պատվեր»:
Այս հոդվածի նպատակը Տեր-Պետրոսյանին կամ նրա մոտեցումները պաշտպանելը չէ: Քավ լիցի: Հակառակը` ուզում ենք լսել առաջին նախագահի խոսքի գիտական, լավ` քաղաքական հակափաստարկը: Ուզում ենք գտնվի մեկը, ով փաստարկներով համոզի, որ Հայաստանը կարող է զարգանալ` հարևանների հետ մշտական հակադրության ու փակ սահմանների ֆոնին: Թե չէ` Լևոնը կրկնվում է, արդեն ծեր է, «մասոն» է «մեղադրանքները» հազար անգամ լսել ենք:
Սարգիս ԱՐԾՐՈՒՆԻ